Քոչարյանի դատավարությունը պետք է այնքան անաչառ արվի, որ հետագայում որևէ բիծ չլինի

Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

 Պարոն Պապյան, «Մարտի 1»-ի գործով բացահայտումները շարունակվում են։  Հովիկ Աբրահամյանի եղբորն է հերթը հասել։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

Ես գնահատում եմ, որ մարտի  1-ի իրադարձությունն այնպիսի ողբերգություն և քաղաքական հետևանքներ է ունեցել Հայաստանի համար, որ այն պետք է բացահայտվի՝ անկախ նրանից, թե ովքեր կլինեն դրանում ներգրավված։ Եթե հետաքննությունը բերել է նրան, որ Հովիկ Աբրահամյանին, մինչև այդ էլ Ռոբերտ Քոչարյանին և իրենց առնչվող անձանց է վերաբերում, դա պետք է բացահայտվի։ Հուսանք, որ ամեն ինչ կլինի արդար, անաչառ և կբացահայտվի գործը։ Որովհետև առանց բացահայտման, էդ էջը բաց վերքի պես կմնա հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Նախկին իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ սա սելեկտիվ արդարադատություն է, որ Քոչարյանը չպետք է ձերբակալվեր, նրա համար ստորագրահավաք կազմակերպվեց։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

Բնական է, որ նախկին իշխանությունը ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանին է պաշտպանում, որքան իրեն, որովհետև այն անձինք, որոնք խոսում են, ստորագրահավաք են կազմակերպում, ամեն մեկը որոշ չափով դրա մեջ ներգրավված է եղել։ Բացի ներգրավված լինելուց, նրանք նաև այդ հանցագործության շահառուն են եղել։ Ի վերջո, բանը դրան էլ է հասնելու, քանի որ մարտի 1-ից հետո կազմվեց իշխանություն, կոալիցիա, մարդիկ պաշտոններ ու բիզնեսներ են բաժանել։ Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է արդար քննություն ընթանում, իմ կարծիքով, առայժմ ամեն բան ընթանում է ըստ օրենքի։ Ես որևէ խախտում չեմ տեսնում։ Այստեղ խնդիր էր դրվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեին, ես անձամբ դա նպատակահարմար չեմ գտնում, որովհետև ակնհայտ է, որ Քոչարյանը շատ մեծ հնարավորություններ ունի ներազդելու և գործի վկաների վրա, և անձանց վրա, որոնք հետաքննություն են իրականացնում, կամ անգամ դատն են իրականացնում։ Վերաքննիչ դատավորը, որ հիմա Քոչարյանի խափանման միջոցի հարցն է քննում, 6 տարի աշխատել է Քոչարյանի ձեռքի տակ, նրա աշխատակազմում։ Բնական է, որ նա որոշակի բարոյական կախվածություն ունի, էլ ուր մնաց, եթե Քոչարյանն ազատության մեջ լինի։

Հետևաբար, եթե այս գործընթացում ինչ-որ բան կխախտվի, բազմաթիվ մասնագիտական աչքեր նայում են այդ գործընթացին, արդեն 4 լավ դատապաշտպան ունի, նրանք կարող են ամբողջը բողոքարկել։ Առայժմ դեռ վճիռ չկա, կա մեղսագրում և նպատակահարմար է կալանքի կարգավիճակում գործը շարունակելը։ Չմոռանանք, որ մարտի 1-ի առիթով հազարավոր մարդկանց ձերբակալել են, հարյուրավոր մարդիկ կալանել ու բանտերն են լցրել առանց որևէ լուրջ մեղադրանքի և առանց մրցակցային դատ իրականացնելու։ Այսինքն՝ դատախազ, մեղադրող կողմ, դատապաշտպաններ և այլն։ Ձևի համար դրել են հանրային դատապաշտպան, որը ոչինչ էլ չի արել, և մարդկանց բանտերն են նետել։ Բայդ սա չի նշանակում, որ մենք կողմ ենք, որ ինչ-որ բան անարդար լինի։ Ընդհակառակը, կոնկրետ ես գտնում եմ, որ Քոչարյանի դատավարությունը պետք է այնքան անաչառ արվի, որ հետագայում որևէ բիծ չլինի մեր արդարադատության վրա։ Սա օրինակ պետք է լինի, որովհետև վստահ եմ, որ այս դատավարության հարցը գնալու է հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրենք նաև այդտեղ են բողոքարկելու։

Պարոն Պապյան, Փաշինյանի կառավարության 100 օրն է լրանում, օգոստոսի 17-ին էլ այդ առիթով մեծ հանրահավաք է նախատեսվում։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության 100 օրվա աշխատանքը։ Մասնավորապես, կառավարությանը քննադատում են տնտեսական քաղաքականության բացակայության և կադրային քաղաքականության հարցերում։

Նախ ուզում եմ ասել, որ ես ինքս մասնակցելու եմ այդ հանրահավաքին և բոլորին կոչ եմ անում գալ ու մասնակցել՝ դրանով ցույց տալով, որ աջակցում են այս փոփոխություններին։ Խոսքն այն մասին է, որ այսօր նոր իշխանություններն ստացել են մի երկիր, որը նման է անօրինական կառույցներով լցված կիսաքանդ մի հրապարակի։ Այսօր ինչ-որ անում է Նիկոլ Փաշինյանը, շինհրապարակն է մաքրում, որպեսզի առաջիկայում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն։ Այո, ես էլ շատ հարցերում և հատկապես կադրային հարցերում համաձայն չեմ։ Այո, մարդիկ կան, որոնց դեպքում հասկանալի չէ, թե ինչ արժանիքների համար են ստացել նման պաշտոններ, չունեն անհրաժեշտ գիտելիքները և այլն։ Ես կարող եմ շատ հարցերում քննադատություն հնչեցնել, բայց ես որդեգրել եմ երկու հիմնական սկզբունք՝ մեկը 100 օրվա սկզբունքն է, որ ձեռնպահ մնամ քննադատությունից, երկրորդ՝ ես կարծում եմ, որ բուն իշխանությունը պետք է ձևավորվի առաջիկա ընտրությունների արդյունքում, իսկ այսօր նպատակահարմար է, որ չթուլացնենք ներկա իշխանություններին, որովհետև մեծ վտանգ կա, որ ռւանշիստները կգան։

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա դրանք ներկայացվել են, խորհրդարանն էլ հաստատել է։ Եթե համաձայն չեն այդ ծրագրին, էլի խնդիր չի։ Բուն մրցակցային ծրագրերը պետք է լինեն երևի առաջիկա ապրիլ-մայիսին, երբ ամեն կուսակցություն կներկայացնի իր ծրագիրը և ըsտ դրա կստանա իր քվեն։ Այստեղ մի խնդիր պետք է լուծենք բոլորս միասին, դա այն է, որ առաջիկա ընտրություններն իսկապես ազատ, արդար ու թափանցիկ լինեն, որ բոլոր քաղաքական ուժերն ունենան հավասար հնարավորություններ և արդար հաշվարկ կատարվի։ Եթե դա այդպես եղավ, արդեն խնդիր չկա, որևէ մեկը պատճառ չի ունենա չընդունելու ընտրությունների արդյունքները։ Իսկ այն կուսակցության ծրագրին, որին ժողովուրդը հավանություն կտա, դա էլ կդառնա հետագա կառավարության առավել մանրակրկիտ ծրագիրը։ Մենք հազար ու մի ծրագրեր ենք տեսել նախորդ կառավարությունների ժամանակ, երբ կարելի է մի բան գրել ու լրիվ հակառակն անել։ Մենք նաև այդ արատավոր պրակտիկայից պետք է հրաժարվենք։ Նախ, պետք է ժողովուրդը հավանություն տա այդ ծրագրին, իսկ երբ հավանություն տվեց, դա պետք է իրականացվի։ Եթե ինչ-որ կետերով չիրականացվի, դրա համար կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի, առնվազն բարոյական, որ ինքը ստախոս է, որ խաբել է ժողովրդին քվե պոկելու համար։

Դուք լիահո՞ւյս եք, որ նոր կառավարությունը հուսախաբ չի անելու և իրականացնելու է իր ծրագիրը։

Նայած թե ինչ հույսեր կան։ Կան մարդիկ, որոնք անտրամաբանական հույսեր են կապում և չհիմնավորված պահանջներ են ներկայացնում։ Այնպիսի պահանջներ են դնում, որոնց իրականացման համար տարիներ են պետք, և այսօր մուննաթ գալ կառավարության վրա, որ երեք ամսվա ընթացքում չի արել, տրամաբանությունից դուրս է։ Ինձ համար այստեղ հուսադրողը այն միտումն ու ցանկությունն է, որ կա իշխանության մեջ։ Շատ կարևոր հանգամանք է նաև, որ այս մարդիկ չեն չարաշահում իրենց պաշտոնական դիրքը։ Անգամ այնպիսի փոքր հարցերում, ինչպիսին ՀՀ առաջին փոխվարչապետի կողմից կնոջը գործուղման տանելն էր, հասարակության կողմից քննադատության արժանացավ, ու դա ճիշտ էր, որովհետև դրա իրավունքն ունի ժողովուրդը և պետք է տարբեր հարցեր իր ուշադրության կենտրոնում պահի։

Բայց տեսեք, թե որքան ենք մենք առաջ գնացել։ Նախկինում օրինակ, նախագահի ընտանիքը կարող էր երկու շաբաթով պետության հաշվին թռչել արտասահման ու 100 հազար դոլարի գնումներ կատարել պետության հաշվին, ու մեր դեսպաններ էլ դառնային իրենց ուղեկցող թարգմանիչներն ու գնորդները։ Այդպիսի բաներ հիմա չենք տեսնում։ Կարևորը այս միտումն է, իսկ ընդհանրապես, իհարկե, կլինեն դժգոհություններ, բայց նաև պետք է հաշվի առնել, որ աշխատանքի ահավոր մեծ ծավալ կա ու մարդիկ ֆիզիկապես չեն հասցնում այդ ամբողջն անել։

Քոչարյանի դատավարությունը պետք է այնքան անաչառ արվի, որ հետագայում որևէ բիծ չլինի

Be the first to comment on "Քոչարյանի դատավարությունը պետք է այնքան անաչառ արվի, որ հետագայում որևէ բիծ չլինի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ