📢Եթե ասում եմ՝ Արամի 23 հասցեի կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. ❗❗Արթուր Մեսչյան

Ոչ մի հուշարձան չի քանդվելու, և դա Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին էլ է վերաբերելու: Այսօր մամուլի ասուլիսին այս մասին նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով «Հին Երևան» նախագծին: 

Նա նշեց, որ այնտեղ որոշակի նախագծային լուծումներ պետք է փոխի: ««Հին Երևան» նախագիծը ճշգրիտ տարբերակն է, թե ինչպես տանեն ճարտարապետին խայտառակ վիճակի, քանի որ սկզբից նրան ամբողջական տվյալներ չեն ներկայացվել: Մինչ ես գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու»,-ասաց նա: Արթուր Մեսչյանը նշեց, որ գրեթե անհնար է արգելել բոլորին գնված տարածքներում չանել շինարարություն, բայց պետք է գտնել բալանսը, որ քաղաքը չտուժի: Նա ասաց, որ հանդիպումներ է ունեցել կառուցապատողների, ճարտարապետների հետ, և ոչ մի ճարտարապետ չի ասել, թե հնարավոր չէ:

«Ես կարծում եմ, որ կարվի շինարարություն, բայց տրամաբանական սահմանների մեջ հարյուր տոկոսով շինարարությունը կանգնեցնելու հնարավորություն իմ ձեռքում չկա»,-ասաց նա և ամեն դեպքում նշեց, որ վիճահարույց բոլոր շինարարությունները կանգնեցվել են մինչև տրամաբանական լուծման հանգելը:

Ըստ նրա՝ ցանկացած կառուցապատող, հատկապես կենտրոնում, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ինչ-որ վերաբերմունք ցույց տա բնակիչներին: «Ես չեմ կարծում, որ տասնյակ տարիներ լինելու եմ գլխավոր ճարտարապետ, բայց կփորձեմ հնարավորինս արագ իրականացնել ծրագրերը: Բոլորս միասին մտածում ենք թիմային՝ քաղաքապետը, վարչապետը, ոչ մեկն իրարամերժ չի, և հուսով ենք՝ կհասնենք հաջողության»,-ասաց նա:

Մասնավորապես Արամի 23 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ Արթուր Մեսչյանն ասաց, որ այն ընդունել է այն իրավիճակում, որը կար: «Հողային աշխատանքներ են կատարվել, շենքը խաթարված վիճակում է, ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել: Այն փրկվելի՞ք է, այո՛, վտանգավո՞ր է, այո՛: Եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու»,-ասաց նա և կոչ արեց՝ երեխաները այնտեղ չգտնվեն:«Եթե ես վերցրել եմ ճարտարապետության պատասխանատվությունը, վերջնական պատասխանը տալիս եմ ես»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը:

Be the first to comment on "📢Եթե ասում եմ՝ Արամի 23 հասցեի կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, հանգստացեք. ❗❗Արթուր Մեսչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ