«Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի».❌📢Արտակ Զաքարյան

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա եւ հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ նրանք, ում մոտ էյֆորիկ տրամադրություններ չեն եղել, կամ արդեն նահանջել են, կամ արդեն վրա է հասել հիասթափության ալիքը՝ գտնվում են սպասողական ռեժիմում, որպեսզի փորձեն ընտրություններում հանդես գան իրենց քաղաքացիական դիրքորոշուներով:

Իմ տպավորությամբ ընտրության իրավունք ունեցողների մոտ, ընտրություն կատարելու համար, տեղ են գտնելու հետեւյալ մոտիվացիաները՝ (կամ ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը/ կամ ընտրության չգնալը) ըստ թեկնածուների նկատմամբ եղած հետեւյալ ընկալումների.

1. Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, ուրեմն պետք է ընտրեմ՝ թեկուզ այս ընթացքում համոզվեցինք, որ թույլ են ու անփորձ:

2. Թեկուզ չեմ ճանաչում, բայց Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից է, վարչապետը որ ասում է, ուրեմն ընտրելու եմ:

3. Մեր հարազատն է (ընկեր, բարեկամ, ծանոթ) է, համ էլ Նիկոլ Փաշինյանի թիմից է, հաստատ արժանի է, պետք է իրեն ընտրեմ:

4. Ճիշտ է Փաշինյանի թիմից չեն, բայց իրականում տակից իրենց աջակցելու են, իրենց կողքին են լինելու, նորմալ մարդիկ են, համ էլ իրենց ճանաչելով վստահում եմ, ու իրենց պետք է ձայն տամ (ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, Հանրապետություն):

5. Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի, հաստա՛տ նրանցից լավն են լինելու (այսպես մտածողները ազգային արժեքային համակարգը կարեւորող մարդիկ են եւ հիմնականում ընտրելու են կամ ՀՀԿ-ին, կամ ՀՅԴ-ին, հնարավոր է նաեւ ԲՀԿ-ին):

6. Փաշինյանին չեմ հավատում, որովհետեւ արդեն երեւում է, որ այս ամենը բլեֆ է, ու ոչինչ էլ չի փոխվելու, կամ էլ ավելի վատ է լինելու: Բայց Հանրապետականին էլ չեմ վստահում, ով ուզում է լինի, մենակ Հանրապետական չլինի, հազիվ ենք պրծել նրանցից (այսպես մտածող ընտրողները ԲՀԿ, ԼՀԿ, Հանրապետություն, Սասնա ծռեր կուսակցությունների ընտրողներն են) :

7. Ճիշտ է Հանրապետական է, բայց մարդը լավ ճանապարհ է անցել, պետական ու ազգային արժեքների կրող է, քաղաքական լավ փորձ ունի, հաստատ լավ ընդդիմություն կլինի, դրա համար իրեն եմ ընտրելու:

8. Ճիշտ է Հանրապետական է, բայց մեզ հարազատ (ընկեր, բարեկամ, ծանոթ) մարդ է, ինչ հարց ունեցել ենք, իրեն ենք դիմել, մարդը մեզ ինչով կարողացել է աջակցել է ու դրա համար իրեն եմ ընտրելու:

9. Հանրապետական է եղել, բայց կուսակցության հետ կապ չի ունեցել, ստիպված է Հանրապետական դարձել, ինքը կարգին տղա է, մեր հող ու ջրի մարդ է, դրա համար ընտրելու եմ:

10. Չեմ գնալու ընտրության, որովհետեւ ոչ մեկն էլ մի բան չեն, ոչ մեկին չեմ վստահում ու չեմ հավատում:

Կարծում եմ, որ սրանք են լինելու առաջիկա արտահերթ ընտրություններում ընտրության իրավունք ունեցող մարդկանց հիմնական մեկնաբանությունները. թե ինչո՞ւ են մասնակցում եւ ընտրում, կամ էլ ինչո՞ւ չեն մասնակցում:

Ի՞նչ մեծություն կունենան վերոհիշյալ տաս դասակարգումներից յուրաքանչյուրը՝ հնարավոր չի լինելու ասել ընդհուպ մինչեւ դեկտեմբերի 9-ը: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ շատ կարճ ժամանակում կարող են իրավիճակներ փոխվել: Հետեւաբար միայն դեկտեմբերի 9-ին պարզ կլինի թե ինչ պատկեր է կազմել վերոհիշյալ տրամադրությունների արտահայտումը ընտրություններում, դրանցից որն ի՞նչ ծավալ ունի:

Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանին աջակցողներն այսօր մեծամասնություն են:

Be the first to comment on "«Փաշինյանի թիմից չլինի, ով ուզում է լինի».❌📢Արտակ Զաքարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ