⚠📢Դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց գյումրեցի 28-ամյա երիտասարդին, ում 20-ամյա ռուս քաղաքացուհին մեղադրում է իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ. ⚠📢

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Շիրաիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ 500 հազար դրամի չափով գրավի դիմաց դատարանից ազատ է արձակվել Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Շ.-ն, ով կասկածվում է Գյումրիում 20-ամյա Եվգենյա Դ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում փաստաբան Էդգար Թումասյանն ասաց. «Թեև դատարանը բավարարեց միջնորդությունը և գրավի դիմաց ազատ արձակեց կալանքից, այնուամենայնիվ դա մեզ չի բավարարում, քանի որ գրավը որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառվում է միայն այն դեպքում, եթե առկա են կալանքի հիմքերը, իսկ սույն գործով այդպիսիք բացակայում են: Իմ միջնորդության էությունը կայանում էր նրանում, որ պաշտպանյալս այս փուլում գոնե գրավի դիմաց ազատ արձակվի, մինչև կվիճարկեմ կալանքի հիմնավորվածությունը և օրինականությունը, որպեսզի այդ ընթացքում պաշտպանյալս նույնիսկ մեկ վայրկյան անհիմն կերպով ավել չմնա կալանքի տակ»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Էդգար Թումասյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որոշ մանրամասներ էր ներկայացրել իր պաշտպանյալ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Շ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանն ասում էր. «Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի իմ պաշտպանյալի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիում 20-ամյա Եվգենյա Դ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ։ Թե ես, թե կասկածյալի հարազատները, ընկերներն ու հարևանները վստահ են, որ այդ կինը սուտ մատնություն է տվել ու հավատում ենք, որ դատարանը անաչառ գտնվի և քննիչի միջնորդությունը կմերժի, սակայն դատարանը քննիչի անհեթեթ միջնորդությունը բավարարեց։ Դատարանը պատճառաբանել էր, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարի, քանի որ իբրև թե իմ պաշտպանյալը ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի նախաքննությանը։ Սակայն ունենք բազմաթիվ փաստեր, որ պաշտպանյալս անմեղ է։ Դիմել ենք Վերաքննիչ քրեական դատարան, սպասում ենք, թե երբ դատարանը նիստ կնշանակի, որպեսզի բողոքարկենք Շիրակի մարզի ընդանուր իրավասության դատարանի որոշումը»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ էլ, ովքեր ճանաչում էին կասկածյալին, տեսախցիկի առաջ չնկարահանվելու պայմանով ասել էին. «Եթե օբյեկտիվ նախաքննություն գնար, էդ տղեն նույնսկ չէր ձերբակալբի, այլ սուտ մատնության համար մեղադրանք կառաջադրվեր այդ կնոջ նկատմամբ։ Մինչդեռ քննչական բաժինը ծածկադմփոց է անում ու անհեթեթ փաստերի հիման վրա եզրակացություն է կատարում։ Թող, եթե իրենք վստահ են իրենց մաքրության վրա, ինչի՞ փաստաբանի շատ միջնորդությունների մասին տեսակետները հրաժարվում են լսել։ Փաստաբանը և մի քանի վկաներ հիմնավորում են, որ այդ կինը շառ է անում։ Բայց քննիչը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու իրենն է պնդում; Մենք չենք ասում՝ ով է ճիշտ, ով սխալ։ Մենք պնդում նք, որ էդ տղան սուտ մատնության զոհ է դառնում»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/11/06/1109469/

Be the first to comment on "⚠📢Դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց գյումրեցի 28-ամյա երիտասարդին, ում 20-ամյա ռուս քաղաքացուհին մեղադրում է իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ. ⚠📢"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ