ՖՈՏՈ. «Թավշյա» կարմիր գծերն ու «դուխով պարկովշիկները». ինչո՞ւ հեղափոխությունը շրջանցեց վարորդներին

Թեեւ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է, բայց այդ փոփոխությունները չեն երեւում «կարմիր գծերի» հետ կապված: Այստեղ ամեն ինչ նույնն է մնացել. վարորդը շարունակում է կայանել կարմիր գծերում` վճարելով դրա համար, միաժամանակ «չմոռանալով» նաեւ «պարկովշիկի» մասին: Ասել է թե` մայրաքաղաքի փոքր կենտրոնի փողոցներում, որտեղ կարմիր գծանշումներ կան, դեռեւս շարունակում են գործել «պարկովշիկները»: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք վարորդներ, ովքեր պնդում են, որ իրենք ընթացիկ տարվա համար վճարում են «կարմիր գծերում» կայանելու համար, սակայն կայանման ժամանակ բացահայտում են տարածքներ, որտեղ իրենց արգելում են կայանել: Քանի որ Երեւանում կան ռեստորաններ, սրճարաններ կամ հագուստի եւ կոշիկի բրենդային խանութներ, որոնց առջեւ ուղղակի արգելվում է վարորդներին կայանել մեքենաները: Ընդ որում, արգելողները կայանատեղիների բիզնեսի հետ որեւէ կապ չունեն: Պատասխանը մեկն է` «կայանատեղին մեր հաճախորդների համար է»: Ի դեպ, շատերը նկատած կլինեն, որ քաղաքի տարբեր հատվածներ, որտեղ կարմիր գծեր են, պահպանված են արկղերով, երկաթյա կամ պլաստմասե ցուցանակով: Եւ, բնականաբար, այդ տարածքներում կան «պարկովշիկներ», որոնք պարտադիր վարորդից գումար են վերցնում: Ըստ մասնագետների` պետք է կայանատեղիների սկզբնամասում տեղադրված լինի ճանապարհային նշան, ինչպես նաեւ տեղեկատվական ցուցանակ, համաձայն որի` վրան նշված լինի սպասարկող կազմակերպության անվանումը, ում է այն հանձնված որպես ծառայողական կայանատեղի:

 

Բացի այդ, ավագանու կողմից պետք է կայացված լինի որոշում` տվյալ կազմակերպությանը տվյալ տարածքը որպես ծառայողական կայանատեղի հանձնելու մասին: Եթե դրանք բացակայում են, ապա ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել: Բայց նման ցուցանակ եւ նշան քաղաքի փոքր կենտրոնում գործող բրենդային խանութների մոտ տեղադրված չկա: Ստացվում է, որ ում ինչպես հարմար է, արգելում է իր օբյեկտի մոտ` կարմիր գծերի հատվածում, մեքենա կայանել: Մինչդեռ վարորդները վճարում են կայանելու համար, իսկ ինչ-որ օբյեկտների տերեր, սյուներ կամ արկղեր տեղադրելով, խոչընդոտում են վարորդներին մեքենան կայանել օրենքով հասանելիք վայրում: Ստացվում է, որ ավտովարորդները վճարում են ամբողջ փաթեթի համար, բայց չեն օգտվում իրենց վճարածի դիմաց հասանելիք ծառայություններից: Բայց արի ու տես, որ քաղաքում շարունակում է պահպանվել մենաշնորհային եւ անկառավարելի վիճակը` չնայած այն բանին, որ նոր քաղաքապետ ունենք: Հուսանք` նոր քաղաքապետը ի վերջո կսկսի զբաղվել այս խնդրով` ուղղելով նախորդի սխալ գործելաոճը: Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը վնասով է աշխատել: Բանն այն է, որ վերջին տարիներին վարորդների գերակշիռ մասը, բողոքարկելով «կարմիր գծերը» խախտելու հետ կապված տուգանքները, շահել է դատական գործընթացները: Անցած տարվա տվյալներով` պետք է հավաքված լիներ մոտ 800 մլն դրամ, բայց հավաքվել է կեսը, քանի որ վարորդները բողոքարկել են, ինչի արդյունքում տուգանքները չեղարկվել են: Ընդ որում` ընկերությունը պայմանագրի համաձայն 450 մլն դրամ տրամադրել է ծառայություններ տրամադրելու համար` գծանշաններ, տեսախցիկներ, տուգանքներ, կայանատեղիների ստուգում: Սյունէ Համբարձումյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/853043/

Be the first to comment on "ՖՈՏՈ. «Թավշյա» կարմիր գծերն ու «դուխով պարկովշիկները». ինչո՞ւ հեղափոխությունը շրջանցեց վարորդներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ