Մամուլ. ՀՀԿ-ն փոշմանե՞լ է.😳😳😳 Սերժ Սարգսյանի մոտ «հերթեր են»❗❗

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից: Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը և վերջնական որոշում է կայացվելու: Քանի որ ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չի կայացվել հօգուտ մասնակցության, ուստիև համաժողով հրավիրելու իմաստն էլ է կորել: Ի դեպ, այն ՀՀԿ-ականները, ովքեր մինչև վերջերս համառորեն պնդում էին, որ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին ԸՕ փոփոխությունների տապալումից հետո, դարձել են չմասնակցության կողմնակիցներ: Նրանք հիմա են հասկացել, որ իրենք չեն կարող մասնակցել ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին: Խայտառակությունից միակ փրկությունը չմասնակցությունն է»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանից բաժանվելուց հետո, թափով մտել է նախընտրական պայքարի մեջ։ Նա արդեն այցելում է մարզեր, մասնավորապես՝ երեկ եղել է Մասիսի գյուղերից մեկում, եւ քարոզչություն է տանում իր թեկնածուների օգտին։ Լուրեր կային, որ նա առաջարկել է Կապանի նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանին՝ մտնել կուսակցություն, ինչը, սակայն, թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ Փարսյանը հերքեցին։

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետեւ Սերժ Սարգսյաննանընդհատ գրասենյակում է։ Ինչպես միշտ, հսկա «պապկան» թեւի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։ Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» սենյակից դուրս եկած բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին հարցրինք՝ վաղուց այս կողմերում չէիք եղել, ի՞նչ խնդրով եք եկել։ «Հենց էնպես, ոչ մի գործ»։ ՀՀԿ-ից դուրս չե՞ք եկել։ «Ոչ»։ Եկել եք ընտրությունների՞ն մասնակցելու՝ ռեյտինգայինի հարցով։ Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։ «Ոչ, չեմ դնելու»»։

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաեւ ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյաննու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաեւ Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, իսկ ընտրություններին մասնակցելու եւ ձեւաչափի մասին կհայտնեն առաջիկա օրերին»:

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ալյանս» կուսակցության անդամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարաբերությունները այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաև ընտանիքներով: Բայց թե այդ անձնական մտերմությունը կվերածվի քաղաքականի, Ախոյանը դժվարացել է կանխատեսել: Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով, և այս պահին կուսակցությունների ներկայացուցիչները բանակցում են այս հարցերի շուրջ: Թե ինչի կհանգեցնեն այդ բանակցությունները, կողմերից որևէ մեկն առայժմ չի կարողանում ասել, և որովհետև քանի դեռ բանակցում են, դրական ելքի հույս կա»:

 

«Ժողովուրդ» թերթը գրում է.«ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը ճշգրտել է ընտրացուցակները, և պատկերը խոսուն է: Նախորդ տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկվածների հա­մեմատ այժմ թիվը նվազել է 13 հազար 552-ով: 2017 թվականին ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 588 հազար 468 մարդ, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 575 հազար 786 մարդ: Այս տարվա տվյալների հա­մաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 574 916 մարդ: Սա, թերևս, անուղղակի ապացույցն է այն բանի, որ նախկին իշխանությունների օրոք ընտրացուցակներն առավել քան ուռճացված են եղել: Ու երբ իշխանու­թյուններն իրապես ձեռնամուխ եղան ընտրացուցակները մաքրելուն, այդ թվում ցուցակներից մահացած մարդկանց անունները հեռացնելուն, միանգամայն այլ պատկերի ականատես եղանք: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ամենաշատը ընտրողների թիվը նվազել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում՝ 10 հազար 764-ով այն ընտրատա­րածքներում, որտեղից նախկին իշխանությունները «որքան ուզում, այնքան խփում էին»

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով, ինչպես հայտնի է, օրերս հերթական աղմկահարույց բացահայտումը եղավ: ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանինապացույցներ կեղծելու համար: Ու քանի որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՔԾ ղեկավարը Անդրանիկ Միրզոյանն էր, կեղծված ապացույցներով գործն էլ քննվել է նրա ղեկավարած կառույցում, «Ժողովուրդ» օրաթերթը Միրզոյանին հարցրել է՝ ի՞նքն է արդյոք հրահանգել այդ քայլին դիմել, թե՞ ուրիշ մարդ: «Իմ պատասխանը սուբյեկտիվ կլինի եւ ինչ-որ տեղ կխոչընդոտեմ քննության օբյեկտիվ իրականությանը, ավելի լավ է` այդ հարցը ուղղեք քննչական մարմիններին: Ես այլ բան կարող եմ ասել. երբ 2007 թվականին հիմնադրվել էր ՀՔԾ-ն, այն տեղադրված էր ՀՀ գլխավոր դատախազության շենքում ու դա ընկալվում էր դատախազության կցորդ: Աշխատասենյակներ չկային, համազգեստ, հաստիքների պակասություն, անընդհատ գրավոր գրել եմ այստեղ, այնտեղ, ՀՀ կառավարությանը, որ հարցը լուծեն, բայց այդպես էլ հարցը չլուծվեց, եւ այդպես դարձա բոլորի թշնամին: 2013 թվականին արդեն պարոն Կուտոյանի հորդորով դիմում գրեցի եւ դուրս եկա ու սկսեցին իմ նկատմամբ անհիմն հետապնդումները»: Միաժամանակ Միրզոյանն ասել է, թե մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն իրեն գործողությունների մասին չի զեկուցել, ինքը որեւէ հրահանգներ չի տվել: Այլ կերպ ասած` ՀՔԾ նախկին պետը, ըստ էության, մեկուսացվել է այս գործի նախաքննությունից: Ու եթե հիշենք, թե այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ինչպիսի ակտիվություն էր ցուցաբերում, դժվար չէ կարծիք կազմել, որ այս գործը քննվել է հենց նրա անմիջական հսկողության տակ»:

 

«Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել: «Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավապահ մյուս կառույցները չեն վստահում, մանավանդ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ պաշտոնում նշանակվել է նախկին իշխանությունների օրոք: Թերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, սակայն, հերքեցին այդ լուրերը. «Նման տեղեկությունների տարածումը դատախազության եւ նախաքննական մարմինների միջեւ անվստահություն սերմանելու կամ առնվազն հանրության մոտ նման իրավիճակի առկայության պատրանք ստեղծելու շարքից է: Նման բան չի կարող լինել»»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ «Հարցն ունի 2 ասպեկտ՝ իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում: Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետեւ պետք էր դիտարկել հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության մյուս որոշումը, որ քարտուղարը նշանակվում է 3 տարով, ինչը մեր օգտին է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ ըստ կանոնակարգի մինչեւ 2020թ․ այդ պաշտոնը Հայաստանինն է, իսկ եթե ոչ՝ նշեք կանոնադրության այն կետը, որը հակառակն է պնդում»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ այս պահին ԱԳ նախարարի, ներկայացուցիչների մակարդակով այդ խնդրով լուրջ բանակցություններ են գնում։ Իսկ քաղաքական ասպե՞կտը։ «Նկատեցիք՝ Բելառուսն անմիջապես առաջ գցեց իր թեկնածուին, խաղը խառնեց, ապա ասաց՝ որոշում չկա։ Բանն այն է, որ Խաչատուրովին նշանակելը նույնպես հեշտ չեղավ․ Ադրբեջանը դեմ էր, իսկ վերջինիս շահերն առաջ էր տանում նույն Բելառուսը։ Միայն այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այսօր ղեկավարում է Հայաստանը, դա զսպում է Ադրբեջանին։ Մի մոռացեք՝ ՀԱՊԿ-ն ինչ-որ ակումբ չէ, լուրջ ռազմական կառույց է, որն ունի լուրջ ուժեր, ՀԱՊԿ քարտուղարն ունի դոստուպ երկրների նախագահների մոտ՝ լրջագույն հարցեր քննարկելու»։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Լավրովի արձագանքից երեւաց, որ դժգոհ են։ «Սկզբում՝ այո, սակայն հետո շատ բան փոխվեց։ Այս պահին կարելի է ֆիքսել, որ առավել հակում կա դեպի Հայաստան։ Բուն քննարկումների ընթացքից է կախված լինելու վերջնական որոշումը»։ Վաղարշակ Հարությունյանիթեկնածությո՞ւնն եք պնդում։ «Այո, նա պրոֆեսիոնալ կադրային գեներալ է, իր հետ արդեն հանդիպում եղել է։ Տեսնենք»։ Մենք կապվեցինք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ «Ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասաց։ Երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի»։

 

«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական տոնավաճառի հայաստանյան ավանդույթների մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է, քաղաքական ուժերի մասնակցության հիմնական պատկերն էլ է արդեն ուրվագծված, այդ տոնավաճառն իր ամբողջ «պերճանքն ու թշվառությունն» ի ցույց է դրել: Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քաղաքական–կուսակցական ավանդույթը, այլ իրավիճակն ու իրավիճակի թելադրանքը, քաղաքական վերադասավորումները տեղի են ունենում այնպիսի սահունությամբ, այնպիսի հակասական վերափոխումներով, որ նույնիսկ զարմանքը բավարար չէ տեղի ունեցողն ընկալելու համար:

 

«Կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել» դեմքի արտահայտությամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումները, տատանվում՝ արդյոք արժե՞ մտնել այս կամ այն կուսակցության ցուցակ, թե՞ ոչ, հաշվարկում, թե որ ցուցակով է ավելի հնարավոր հայտնվել խորհրդարանում կամ գոնե հայտնվել քաղաքական որեւէ ուժի ազդեցության գոտում, իսկ ավելի պրագմատիկները մտածում են ոչ թե խորհրդարանում հայտնվել-չհայտնվելու, այլ նախընտրական տոնավաճառի ընթացքում իրենց ֆինանսական կարողությունը ձեռք բերելու համար: Ամենատհաճն ու ամենավտանգավորն այս պրոցեսում այն է, որ տոնավաճառային պահանջարկը գալիս է ներքեւներից: Որովհետեւ, եթե քաղաքական կայացած ուժերի մակարդակում մենք տեսնում ենք քիչ թե շատ քաղաքական պայքար ու այդ պայքարին բնորոշ նախընտրական մոբիլիզացիոն պրոցեսներ, ապա արդեն քաղաքականության երկրորդ, երրորդ մակարդակներում մենք տեսնում ենք նույն «հավերժական տասովշիկներին», որոնք անկախ այն հանգամանքից՝ «թաղային խուժան», թե «կուսակցական կոմերսանտներ» կատեգորիայում են, փորձում են իրենց ծառայությունները ամեն կերպ վաճառելով՝ թրենդ թելադրել քաղաքական կյանքում: Ակնհայտ է, որ բարոյալքման հերթական միամսյակի դեմն առնելու միակ տարբերակը հստակ չափորոշիչների ու ֆիլտրերի արձանագրումն է խոշոր քաղաքական ուժերի կողմից, որոնց շնորհիվ գուցե ստացվի այդ բարոյալքման ալիքն ու դրանով բոլոր ժամանակներում զբաղվողների հերթական քամիները զսպել»:

Be the first to comment on "Մամուլ. ՀՀԿ-ն փոշմանե՞լ է.😳😳😳 Սերժ Սարգսյանի մոտ «հերթեր են»❗❗"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ