❌Ինչու՞ «Սաշիկ Սարգսյանի տղան, Վահանի աղջիկը դասի չեն գնացել, բայց դիպլոմ են ստացել»⚠❗

«Մեր աշակերտներն ընդունվում են ուսումնական հաստատություններ, քոլեջներ՝ ոչ թե գիտելիք ստանալու համար, այլ՝ պարզապես ատեստատ ստանալու համար: Ունենք դեպքեր, երբ աշակերտները տարիներով չեն այցելել տվյալ ուսումնական հաստատություն եւ այդ թիվը փոքր չէ, կան բազմաթիվ քրեական գործեր հարուցված»,- այսօր ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարն ասաց, որ ոչ միայն քոլեջներն են փողով դիպլոմ ու ատեստատներ բաժանել, այլեւ՝ դպրոցները, մոտ 5 տասնյակ դեպքերի մասին է խոսքը: Արայիկ Հարությունյանը մի դեպք հիշեց, երբ աշակերտը ամիսներ շարունակ Ֆրանսիայում է ապրել, բայց չգիտես ինչպես, Հայաստանում իբր մասնակցել է քննություններին: Ըստ պարոն Հարությունյանի, մարդիկ կարծել են, որ իրենք անպատիժ են ու որեւէ փոփոխություն ՀՀ-ում չի լինելու, ուստի արել են այն, ինչ ցանկացել են: Aravot.am-ը Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում ֆինանսավարկային ամբիոնի դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ժամանակին հայտարարեց, որ «Սաշիկի տղան, Վահանի աղջիկը դասի չեն եկել՝ դիպլոմ են ստացել»: Նա նկատի ուներ այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկին եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դստերը՝ Աննային: Բագրատ Ասատրյանի խոսքով՝ «Սաշիկի տղային եմ դասավանդել, որը ոչ մի անգամ դասի չի եղել, իմ ուսանողն է եղել, քննությանը չի ներկայացել, վստահ եմ, որ դիպլոմը իրեն տվել են, գնացեք ստուգեք»: Ավելի ուշ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչու իր աղջիկը Բագրատ Ասատրյանի դասերին չի գնացել: Մենք նաեւ համալսարանի շրջանավարտների արխիվային փաստաթղթերից պարզել էինք, որ Բագրատ Ասատրյանի դասավանդած «Բանկային գործ» առարկայից նշված քաղաքական գործիչների զավակները քննությունը հանձնել են անհատական գրաֆիկով եւ երկուսն էլ «4» (լավ) են ստացել: Այդ ուսանողներին չնշանակած Բագրատ Ասատրյանի ստորագրության փոխարեն քննությունն ընդունել ու իր ստորագրությունը դրել էր ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը: Ավելին՝ այդ ուսանողները պետական ավարտական քննությունից եւ դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից նույնպես «4» էին ստացել: Ուստի մենք Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ քանի՞ տարվա վաղեմության «փողով դիպլոմ ստանալու գործերին» եք անդրադառնում ու ջրի երես հանում: Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նայած, հիմնականում վերջին 2-3 տարիների է եղել, բայց դա՝ ըստ իրավիճակի եւ ըստ կոնկրետ գործի»: Նա ասաց, որ կոնկրետ Բագրատ Ասատրյանի ասած օրինակը չգիտի: Հարցին՝ հնարավո՞ր է այդ գործին էլ անդրադառնաք՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նայած վաղեմության, ամեն դեպքում, բացահայտում, կարծում եմ, կլինի»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Be the first to comment on "❌Ինչու՞ «Սաշիկ Սարգսյանի տղան, Վահանի աղջիկը դասի չեն գնացել, բայց դիպլոմ են ստացել»⚠❗"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ