Նույն գետը երկու անգամ չես մտնի. ԵԱՏՄ-ում կրքերը թեժանում են

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է մտածել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքների ստեղծման մասին: Պուտինն այս մասին ասել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որը մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում: Պուտինի առաջարկն, իհարկե, վերջնագիր չէ, սակայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ում լուրջ տրանսֆորմացիաներ են սպասվում: Պուտինի առաջարկը ընդամենը ապացույց է, որ այդ գործընթացները արագացնելու հարցում Մոսկվան իր ուրույն շահերն է հետապնդում:
Սեպտեմբերին էլ Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցնելու անհրաժեշտության մասին էր խոսում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրանից հետո Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հասունացել է այն պահը, երբ միասնական դրամին անցնելը կարող է արդյունավետ քայլ դիտվել: Այնուհետև, հանրային լայն ռեզոնանսից հետո փոխվարչապետը ստիպված եղավ վերախմբագրել իր այդ հայտարարությունը , նշելով, որ որպես միասնական դրամ կարող է հանդես գալ նաև հայկական դրամը: Սա, իհարկե, քիչ հավանական տարբերակ է: Սակայն ողջ խնդիրը նրանում է, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կունենա Փաշինյանի կաբինետը այս հարցում: Գործընթացը կպահանջի տարիներ, սակայն որոշումը Հայաստանի իշխանությունները պետք է կայացնեն այն պահին, երբ միասնական արժույթի ստեղծման հարցը պաշտոնապես կմտնի ԵԱՏՄ օրակարգ: Դրա համար արդեն բոլոր նախադրյալները առկա են, ռուսական կողմը այսպես ասած՝ հոգեբանորեն նախապատրաստում է ԵԱՏՄ անդամ պետություններին:
Չնայած պետք է նշել, որ ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսը և Ղազախստանն արդեն սկսել են Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել ռուբլիով: Բելառուսը Ռուսաստան արտահանում իրականացնելու պարագայում գումարի 87 տոկոսը վճարում է ռուսական ռուբլիով, իսկ Ղազախստանը՝ 51 տոկոսը: Ներմուծման դեպքում Բելառուսը գումարի 65 տոկոսը վճարում է ռուբլիով՝ Ղազախստանը՝ 7-ը: Այսինքն, այս երկրներն արդեն անցել են ռուբլիի փոխադարձ հաշվարկներում: Սական մեզ, իհարկե, հետաքրքրում է, թե ինչ կշահենք մենք: Հայաստանի համար ձեռնտու չի լինի 1000 խմ գազի համար այս պահին դոլարով վճարվող գործող սակագինը վերածել ռուբլիի և այդպես վճարել: Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, որ միասնական դրամի անցնելը Հայաստանի համար կարող է և խնդրահարույց լինել: Բացի այդ, այս պահին դրամի կայունությունն արհեստական է պահվում, ինչը երկար ժամանակ հնարավոր չի լինի պահել, իսկ դեդոլարիզացիան կնշանակի լուրջ տնտեսական ցնցումներ, որոնց այս պահին ՀՀ պատրաստ չէ: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս կվարվեն Հայաստանի իշխանությունները: Կգնա՞ն մինչև վերջ պաշտպանելով մեր երկրի տնտեսական շահը, թե ՀԱՊԿ-ում առաջացած լարվածությունը ԵԱՏՄ տիրույթ չփոխանցելու Փաշինյանի ցանկությունը կգերակայի:
https://lurer.com/?p=306329&l=am

Be the first to comment on "Նույն գետը երկու անգամ չես մտնի. ԵԱՏՄ-ում կրքերը թեժանում են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ