Քաղաքական պոռնիկներ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն տեղ չունեն․ դրանք ինչով են զբաղված, ժողովրդի լեզվով ասած՝ «մուտիլովկա» են անում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանը։ -Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը։ Արդյո՞ք քաղաքական, գաղափարական պայքար է ընթանում -Ես կարծում եմ, որ այս տարվա մայիսի 8-ին, երբ թավշյա հեղափոխությունը տոնում էր իր առաջին հաղթանակը, շատ իզուր՝ նոր իշխանությունները հապաղեցին ու սկսեցին ձգձգել բոլոր այն հարցերը, որոնք վաղուց գերհասունացել էին։ Ըստ իս՝ պետք էր անմիջապես հայտարարել, որ Հանրապետական կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված հանցավոր խմբավորում և ոչ քաղաքական կուսակցություն։ Ինձ համար շատ զարմանալի է, որ իրենք շարունակում են ինչ-որ ելույթներ ունենալ, նույնիսկ հաթաթաներ տալ։ Ես նաև դեմ եմ, որ այս ընտրություններին մասնակցեն այնպիսի քաղաքական պոռնիկ կուսակցություններ, ինչպիսիք են «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, որը ժամանակին Քոչարյանի ջանքերով ստեղծվեց որպես սադրիչ կուսակցություն՝ դա բոլորն էլ գիտեն, եթե չգիտեն՝ թող իմանան։ Կարծում եմ, որ հոկտեմբերի 2-ին պարզ դարձավ, թե ինչով են շնչում այդ կուսակցությունները, համենայնդեպս, եթե հիշում եք Հոկտեմբերի 2-ին նրանց կայացրած այդ զավեշտալի որոշումը, դա հենց խոսում է իմ ասածի մասին։ Ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր ժամանակին կոալիցիոն մասնակցություն են ունեցել այս հանցավոր իշխանության հետ, նրանք պետք է օրենքից դուրս մղվեն, իրավունք չունեն մասնակցեն, նրանք անպարկեշտ են, կեղծավոր, սուտասան։ Ինձ համար շատ տհաճ է տեսնել, թե ինչպես են նրանք մասնակցում և ինչ հիմար-հիմար բաներ են դուրս տալիս՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով նոր իշխանություններին։ Կարծում եմ՝ նոր իշխանությունները այդ սխալը չպետք է թույլ տային, և դեռ մայիսի 8-ին այդ հարցերը պետք է կարգավորված լինեին, որովհետև ցանկացած հեղափոխություն, հեղափոխական իշխանափոխություն ունի իր օրինաչափությունները և այդ օրինաչափություններն անտեսել չի կարելի։ Երբ անտեսում ես, հասնում ես այն արդյունքին, որ մենք այսօր ականատես ենք, տանջվում ենք, չարչարվում ենք, չգիտենք ինչպես անենք։ Ես լավ հեռանկար չեմ տեսնում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ ամենի հետևում կանգնած է նեոբոլշևիկյան Ռուսաստանը։ -Կա տեսակետ, որ հեղափոխությունից հետո ակտիվ քաղաքականկյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը՝ սկսվում է և այնշարունակվելու է նաև խորհրդարանից դուրս։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ –Պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսի արդյունքներ է գրանցելու այդ ընտրությունները և, ըստ այդմ, կարող ենք ավելի որոշակի կարծիք հայտնել ու հետագա քայլերի հետ կապված տեսլական ունենալ։ Բայց այն, որ իմ ասած կուսակցությունները դեռ շարունակում են մասնակցել ու մնալ քաղաքականության մեջ, դա արդեն շատ մեծ սխալ ու բացթողում է։ -Այսինքն՝ իշխանությունների՞ բացթողումն է, որ նրանք կան ասպարեզում։ -Գուցեև իշխանությունների բացթողումն է, բայց չի կարելի բացառել, որ Ռուսաստանի ճնշման ներքո է դա արվում։ Ըստ իս՝ այդ կուսակցությունների՝ ջրի երեսին մնալը, բացի իշխանությունների ոչ հստակ քաղաքականության պատճառից, նաև Ռուսաստանի միջամտության բաժինը կա։ Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Պուտինը ցուցադրաբար շնորհավորեց պարոն Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ՝ շատ լավ հասկանալով, որ նա հանցագործ է և իր երկրում հանցագործի դեմ առաջադրված են բավականին լուրջ մեղադրանքներ պետական հանցագործության համար։ Եվ այդ ֆոնին Քոչարյանին շնորհավորել ու դրանով ցույց տալ, որ նրան մեջք է կանգնում, դա, իհարկե, մեկ ավելորդ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը, անկասկած, իր դերակատարությունը շարունակում է ունենալ մեր ներքին քաղաքական կյանքում։ -Այսինքն՝ Մոսկվան գործում է նոր իշխանությունների դեմ ու պաշտպանում ընդդիմությա՞նը։ -Ես կարծում եմ, որ իրենց համար ամենակարևորը այդ խառը վիճակի շարունակությունն է՝ չթողնել, խոչընդոտել, տարբեր տեսակի բարդություններ հրահրել նոր իշխանությունների դեմ և չթողնել, որ նրանք իրականացնեն այն ծրագիրը, որին ժողովուրդը սպասում է։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդի ոգևորությունը շատ բարձր աստիճանի վրա էր և մնում է բարձր աստիճանի վրա, բայց կարող են տեղի ունենալ զանազան հիասթափություններ, եթե, իհարկե, իմ կողմից նշված, այսպես կոչված, կուսակցությունները շարունակեն իրենց սադրիչ գործողությունները։ Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա է «Օրինաց երկիրն» իրեն կուսակցություն համարում կամ նույն «Բարգավաճ Հայաստանը», կամ դաշնակները, որ օրը տաս անգամ իրենց միտքը փոխում են՝ մեկ սրա հետ են կոալիցիա, մեկ նրա հետ, մեկ հեղափոխության աջակից են, մեկ հեղափոխության դեմ են։ Մարդ չի հասկանում՝ դրանք ինչով են զբաղված, ժողովրդի լեզվով ասած՝ «մուտիլովկա» են անում։ Նյութի աղբյուրը`LoveYou.am

Be the first to comment on "Քաղաքական պոռնիկներ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն տեղ չունեն․ դրանք ինչով են զբաղված, ժողովրդի լեզվով ասած՝ «մուտիլովկա» են անում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ