Դա հարթակ չէ, պոդիում է, որտեղ մարդ ու կնիկ ամեն օր նոր շոր են ցուցադրում. Գուրգեն Եղիազարյան Նիկոլը մի կողմից ասում է, որ ցուցում չի տալիս, մյուս կողմից մենք տեսանք՝ մի քանի օր առաջ ցուցում տվեց բռնելու

Hayeli.am-ի հարցազրույցը ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ

Երեկ  համացանցում հայտնվեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը, որն ըստ էության ամիսներ առաջ արված ձայնագրության երկրորդն մասն է՝ լրացված տարբերակով: Խոսակցության ընթացքում երկրի ուժային կառույցների ղեկավարները և վարչապետի պաշտոնակատարը խոսում են ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերի մասին, Վանեցյանը մասնավորապես, գործընկերոջն ասում է, որ դատավորը թեմա չի, որ նրան կասեն ամեն ինչ, սկզբում, սակայն, որոշեն, թե Խաչատուրովին ինչպես ազատեն, ինչքան գրավ կիրառեն, որ կարողանա մուծի, որովհետեւ եթե առանց հետկանչի ձերբակալեն, խնդիր կունենան ռուս գործընկերների հետ: Ձայնագրության վերաբերյալ խոսեցինք ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Ձայնագրությունում հնչեցին արտահայտություններ, որոնք լայն քննարկում են գտել, ըստ Ձեզ, ԱԱԾ պետը ունի՞ դատավորների նկատմամբ նման լիազորություններ, ինչի մասին ինքը խոսում է: Պաշտոնյաների այս զրույցը հերքու՞մ է արդյոք այն հավաստիացումը, որ դատավորների նկատմամբ ճնշումներ չկան:

-Գիտե՞ք՝ ինչ կապ ունի՝ Նիկոլն է ուղղակի ազդում դատավորների վրա, թե, ասենք, ԱԱԾ պետը կամ մեկ ուրիշը: Այս ձայնագրությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք դեռեւս պետություն չունենք, իսկ վարչապետական այդ խոստումները ընդամենը խոստումներ են, նա եկավ ու ընդհանրապես ոչինչ չի անում իր խոստումների վերաբերյալ, որն անում էր ընդդիմադիր կարգավիճակում՝ Սեւանի ջրի բացթողումից սկսած կարմիր գծերով եւ 50/50-ով վերջացած:

-Եթե առաջին ձայնագրությունը բացահայտվեր, կհաջորդեր երկրորդը եւ մի՞թե իսկապես դժվար է բացահայտել գաղտնալսման օջախը:

-Նախեւառաջ սա խայտառակություն է հենց ԱԱԾ-ի համար: Սերժ Սարգսյանի օրոք մենք ԱԱԾ չենք ունեցել, եղել է քաղաքական ոստիկանություն, զբաղվել են քաղաքական գործիչներով, մոռացել են հետախուզություն, հակահետախուզություն, իրենց գործը սկսվել եւ ավարտվել է մեզանով, նույնը շաունակվում է հիմա: Եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանը չէր հայտարարում, հիմա այս մեկը հայտարարում է նախապես: Էդ  խելքով ո՞նց բացահայտեն, բացահայտելու համար պետք է խելք ունենան: Այնպես են անելու, որ այս իշխանությունները մի բան խոսելու համար պարտադիր հանդիպեն: Այս  ամենը խորը վտանգներ է պարունակում, մենք ամեն ինչ գիտենք, բայց այս ձայնագրություններից թշնամին է ամեն ինչ իմանում: Բոլոր մասնագետներին մինչեւ հիսուն տարեկանը Սերժ Սարգսյանը թոշակի ուղարկեց էն պետի հետ, որն արդեն գնացել-պրծել է: Ես  առիթով ասել եմ՝ հետ բերեք այդ մասնագետներին, որոնք լավ մասնագետներ են: Դուք հարցնում եք՝ դժվա՞ր է բացահայտել, կյանքը ցույց տվեց, որ մեկի համար դժվար է, մյուսի՝ ոչ: Մենք լսեցինք չէ՞, որ ասացին՝ հեսա բացահայտված է, պարզ է, ով է պատվիրել:

-Ի՞նչ նկատի ունեք՝ պարզ է, ով է պատվիրել:

-Սրանց թիրախը վերջին ամիսներին երկու հոգի են Քոչարյանն ու Աբրահամյանը, մեկ էլ Մայրապետյանը, որին պատանդ են վերցրել ցուցմունք տալու համար:

-Դավիթ Շահնազարյանին ասուլիսում հնչեցրած հայտարարությունների համար հրավիրել են ԱԱԾ, ի՞նչ կասեք:

-Հերթական հիմարությունն են արել, Նիկոլը մի կողմից ասում է, որ ցուցում չի տալիս, մյուս կողմից մենք տեսանք՝ մի քանի օր առաջ ցուցում տվեց բռնելու:

-Նկատի ունեք հարթակից հնչեցրած հայտարարությո՞ւնը:

-Այո, բայց դա հարթակ չէ, պոդիում է, որտեղ մարդ ու կնիկ ամեն օր նոր շոր են ցուցադրում:

https://www.armeniadaily.am/article/5276?fbclid=IwAR1TqxgM1Ao6SE66y26r0jWvXNBkEtIGpybworWIcYlhSHtXHu5xKBqeeLw#.XAjRYq3R8tk.facebook

Be the first to comment on "Դա հարթակ չէ, պոդիում է, որտեղ մարդ ու կնիկ ամեն օր նոր շոր են ցուցադրում. Գուրգեն Եղիազարյան Նիկոլը մի կողմից ասում է, որ ցուցում չի տալիս, մյուս կողմից մենք տեսանք՝ մի քանի օր առաջ ցուցում տվեց բռնելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ