Որևէ կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ Նա դեռ մեծ անելիքներ ունի ՀՀ-ի և Ղարաբաղի համար. Վ. Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը, նշեց, որ այնպիսի մի երևույթի  հետ գործ ունեն, որ աննախադեպ է մեր պատմության մեջ:

Նա նշեց, որ երբ առաջին անգամ կալանքի որոշում ընդունվեց, բոլորը շատ էմոցիոնալ էին, և բոլորովին այլ վերաբերմունք կար տեղի ունեցածի նկատմամբ, որովհետև վստահ էին, որ ճշմարտությունն իրենց կողմն է, բայց պետք էր շատ հիմնավոր ապացույցներ ներկայացնեին ոչ միայն դատարանին, այլև հանրությանը:

«Հիմա ես ուզում եմ արձանագրել՝ այսօր Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց, թողեց ուժի մեջ այդ բոլոր խոսակցությունները, որ վերջին օրերին լսում էինք, ծիծաղում էինք (Հրաչ էր, Վաչե էր, չեմ հիշում, որ ուզեր-չուզեր, կալանքը պետք է տար),, զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի վրա, ընդհանրապես հասարակության վրա: Ուղղակի նեղ շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով որոշվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է կալանավորվի, ուզի-չուզի, պետք է նստի…»,- ասաց նա:
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ սա բիրտ, կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման արդյունք էր:
«Հիմա այդ որոշումը վերահաստատել են, թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է թողել ՀՀ պատմության մեջ, ինչ հետևանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել, միայն Աստված գիտի, թե ինչ հետևանքների է բերելու պատմական տեսանկյունից, բայց տեղի ունեցածն ուղղակի խայտառակություն է. նկատի ունեմ ամբողջ պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, այսինքն՝ շինծու քրեական գործը, անձնական վենդետայի մոլուցքը, կենցաղային քննարկումները»,- ասաց նա և նշեց, որ նկատի ունի նաև այսօրվա որոշումը:

«Ես որևէ կասկած չունեմ, որ սա անցնելու է, ես որևէ կասկած չունեմ, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը կրկին հայտնվելու է ազատության մեջ, որ ինքը դեռ մեծ անելիքներ ունի Հայաստանի և Ղարաբաղի համար», -ասաց նա և նշեց, որ պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը:

https://www.armeniadaily.am/article/5469

Be the first to comment on "Որևէ կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ Նա դեռ մեծ անելիքներ ունի ՀՀ-ի և Ղարաբաղի համար. Վ. Սողոմոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ