Տղերք, բռնվե՛ք. Էդուարդ Շարմազանով Տաշած քարը գետնին չի մնա, մնալու ենք քաղաքականության մեջ

Ես վերահաստատում եմ՝ դեկտեմբերի 9-ը ՀՀԿ վերածննդի օրն է, որովհետև մենք արձանագրեցինք, որ Փաշինյանի իշխանության սպառնալիքի ու հակաքարոզչության պայմաններում 60 000 քվե ենք ստացել, որը շատ մեծ վստահություն է. Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը ճիշտ էր  և արդարացված, որովհետև պետական համակարգում ով չէր ալարում՝ քննադատում էր ՀՀԿ-ին, որ նման ուժ գոյություն չունի, բայց ՀՀԿ-ն զբաղեցրեց 4-րդ տեղը, և 3000-4000 ձայն չբավականացրեց, որ շեմը հաղթահարի: Սա ևս մեկ անգամ  ապացուցեց, որ մենք պետք է մասնակցեինք ընտրություններին, որ կան ՀՀԿ-ին հավատացող մարդիկ, և մենք այսուհետ էլ պետք է ակտիվ զբաղվենք քաղաքականությամբ»,- ասել է նա:

Շարմազանովը նշել է, որ բնականաբար պառլամենտ չանցնելով կյանքը չի ավարտվում: «Սկսվում է մեր պայքարի և քաղաքական գործունեության երկրորդ փուլը, ՀՀԿ-ն կլինի արտախորհրդարանական ընդդիմություն, և մեր ուշադրության կենտրոնում կլինեն, ինչպես ասել ենք, ՀՀ-ի և Արցախի անվտանգության հարցերը, Արցախի խնդրի հայանպաստ լուծումը, հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, ավանդական հայկական արժեքները, ՌԴ-ի հետ հարաբերությունները, ՀԱՊԿ-ում հարաբերությունների խորացումը, ԵԱՏՄ, ԵՄ-ի հետ համաձայնագրերի իրականացումը և այլն, այն, ինչը այս 7 ամիսների ընթացքում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն ձախողում է»,- ասել է նա:

Շարմազանովը հիշեցրել է իր և Արմեն Աշոտյանի այն մտահոգությունները, թե ՌԴ-ի հետ հարաբերությունները լավ չեն, և այն, որ իրենց հակադարձում էին.

«Մեծ-մեծ խոսում էին, թե փայլուն են հարաբերությունները, բա փայլուն  հարաբերությունները ո՞ւր են, բա ինչո՞ւ չեն շնորհավորում, քանի օր է՝ ընտրություններն անցել են: Ասում են՝ ՀԱՊԿ-ում խնդիր չկա, մենք հասնելու ենք նրան, ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ն գլխավոր քարտուղարի տեղը պահի, այսօր ՀԱՊԿ գործընկերները բացահայտ հայտարարում են, որ պաշտպանելու են Բելառուսին, բա դա ձախողում չէ՞: Արցախի հետ կան լուրջ խնդիրներ, փոխանակ իր նախընտրական քարոզչությամբ զբաղվի՝ Գեղարքունիքի մարզից մատ է թափ տալիս Արցախի գեներալների կամ ղեկավարության վրա: Լևոն Մնացականյանն էլ ազատվեց պաշտոնից՝ մի գեներալ, որը թերևս եթե ոչ ամենագրագետ, ապա ամենապատրաստվածներից մեկն է Արցախի ԶՈւ-ում, որն անցել է  փառավոր ուղի, դա հարված է Արցախի անվտանգությանը»:

Շարմազանովը վստահ է, որ 60 հազար հոգին մեկ տարի հետո դառնալու է 160 000 հոգի: «Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք այդ սպառնալիքի պարագայում մեզ ձայն են տվել»,- ասել է նա:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կհետևեն նոր խորհրդարանի, նոր իշխանության գործունեությանը: «Լրագրողներին էլ խորհուրդ կտամ առանց էմոցիաների համեմատել՝ մենք ինչ ենք արել, իրենք ինչ են արել՝ սկսած տնտեսությունից, մինչև արտաքին քաղաքականություն, վատ կաշխատեն՝ ճիշտ կքննադատենք, լավ կաշխատեն՝ կասենք. մենք մնում ենք մեր երկրի առանցքային քաղաքական ուժերից մեկը, մենք շարունակելու ենք ծառայել ՀՀ-ին»,- ասել է նա:

Շարմազանովը շարունակում է նույն համոզմանը մնալ, որ այսօր միակ իրական ընդդիմությունը ՀՀԿ-ն է: «Այս մի քանի ամսվա ընթացքում պարզվեց, որ բոլորը հեղափոխությունը պաշտպանել են, բոլորը Նիկոլ Փաշինյանին ծափահարել են կամ եղել են նիկոլասերներ, նիկոլամերձներ, բացի ՀՀԿ-ից, նույն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն եղել են Կառավարության անդամ, նույն Էդմոն Մարուքյանը բանավեճերի ժամանակ ջանք ու եռանդ չէր խնայում ստանձնել Փաշինյանի փաստաբանի դերը, հիմա իրենք ի՞նչ ընդդիմություն պետք է լինեն: Ընդդիմությունը պետք է լիներ այն ուժը, որը չունի կոմպլեքս քննադատելու: Մենք մի քաղաքական ուժի տեսել ենք ընդդիմության դաշտում, որը մերթընդմերթ կա՛մ ընդդիմացել է, կա՛մ էլ հետո լռել է»,- ասել է նա:

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ նոր ԱԺ-ն ունի մի քանի լուրջ խնդիրներ. չունի իրական ընդդիմություն, որևէ ազգային ուժ չի մտել ԱԺ՝ ո՛չ ՀՀԿ-ն ու ո՛չ էլ ՀՅԴ-ն. «Եվ ամենակարևորը՝ երեք ուժերն էլ պոպուլիզմի հետ սեր ունեն՝ Փաշինյանը ոտից գլուխ պոպուլիզմի հետ սեր ունի, ԲՀԿ-ն էլ նենց ոչինչ, ԼՀԿ-ն էլ այնպես չէ, որ զերծ է»:

Իսկ թե ՀՀԿ քաղաքական թևի պատգամավորները, ովքեր բիզնես թևում չեն եղել, ի՞նչ են անելու, Շարմազանովը պատասխանել է. «Նախ առաջինը՝ մենք մնալու ենք քաղաքականության մեջ, կոնկրետ ես, տաշած քարը գետնին չի մնա, որպես մասնագետ էլ  բավական նորմալ մասնագիտական կարողություններ ունենք, մեկը փայլուն  իրավաբան է, մյուսը լավ  քաղաքագետ է, մյուսը ոչինչ պատմաբան է: Ես մինչև այդ դասավանդում էի, հիմա էլ առաջարկներ ունեմ մի քանի բուհից դասավանդելու, կդասավանդեմ,  արտասահմանից ունեմ լուրջ առաջարկներ, բայց մերժում եմ, որովհետև իմ ապագան տեսնում եմ  միայն Հայաստանում: Իմ գործընկերներն էլ ամեն մեկը կորոշեն, ես կոնկրետ մնում եմ քաղաքականության մեջ, իսկ կյանքը շարունակվում է, որևէ մեկիս պորտը ԱԺ փոխնախագահի կամ պատգամավորի պաշտոնի համար չէին կտրել, մեր  պայքարը կլինի հանուն: Ես ունեմ մի սեր, այդ սերը կոչվում է Հայաստան աշխարհ, և ամեն ինչ անելու եմ, որ իմ համեստ կարողություններով հանդես գանք արտախորհրդարանական ընդդիմություն, նպաստենք ՀՀ ուժեղացմանը՝ խիստ, բայց արդարացի քննադատելով Փաշինյանի պոպուլիստական կառավարությանը»,- ասել է նա:

Վերջում Շարմազանովը 7-րդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորներին հաջողություններ մաղթեց. «Ցանկանում եմ, որ իրենք ավելի լավ աշխատեն, քան մենք, և արդյունքները լինեն ավելի լավ, դրական եմ ուզում ասել,  կհետևենք, լավ կաշխատեն՝ կգովենք, վատ կաշխատեն՝ տղերք, բռնվե՛ք, քննադատելու ենք»:

https://www.armeniadaily.am/article/6395

Be the first to comment on "Տղերք, բռնվե՛ք. Էդուարդ Շարմազանով Տաշած քարը գետնին չի մնա, մնալու ենք քաղաքականության մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ