«Լուսավոր Էդմոնը» շարքային հանցագործ է. Էնֆիաջյանն առաջարկում է Մարուքյանին զրկել մանդատից

Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ` Էդմոն Մարուքյանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից:

Այսպես է կարծում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և փորձել հիմնավորել իր ասածը։

«Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից և օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր ու իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը»,–գրել է պատգամավորը։

Էնֆիաջյանի հավաստմամբ` 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ «Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը ընկած ժամանակահատվածում»,հարց է բարձրացրել գրառման հեղինակն ու ինքն իր հարցին պատասխանել. «Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում։

«Ու եթե լուսավոր Էդմոնը անձի երկվությամբ չի տառապում, ապա նույն ժամանակահատվածում նա չէր կարող լինել միաժամանակ ե՛ւ Հայաստանում ե՛ւ Միացյալ նահանգներում։

Այսինքն` Մարուքյանը կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կատարել է քրեական հանցագործություն, որը պատժվում է 4 տարի ազատազրկմամբ»,–նշել է Էնֆիաջյանը ։

Պատգամավորի խոսքով` Էդմոն Մարուքյանի «կնքահայրը» նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում նախկին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն է։ «Եվ քանի որ հին Հայաստանում Միքայել Մինասյանի թուրը կտրում էր աջ ու ձախ և ժամանակին Էդմոնը խուսափեց քրեական պատասխանատվությունից։ Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և, հատկապես, վանաձորցիներ դիմում են իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել վերոնշյալ փաստերը եւ դիմել նորընտիր Ազգային Ժողովին՝ Մարուքյան Էդմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, որպես հանցագործի»,–գրել է նա։

Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքն է մաքրել հայաստանյան քաղաքական դաշտը «էդմոնատիպ ժուլիկներից և հանցագործներից»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրությանը մասնակցած 11 քաղաքական ուժերից միայն 3–ն են հաղթահարել անցողիկ շեմը, դրանց թվում նաև Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան կուսակցությունը։

Read more: https://armeniasputnik.am/politics/20181216/16281824/armenia-maruqyan-enfiajyan.html

Be the first to comment on "«Լուսավոր Էդմոնը» շարքային հանցագործ է. Էնֆիաջյանն առաջարկում է Մարուքյանին զրկել մանդատից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ