Թեհմինա Վարդանյան. «Երեւանի քաղաքապետի իմ թեկնածությունը ավելի շատ երեւանցիների ցանկությունն է»

 

Երեկվանից մամուլում եւ համացանցում լուրեր են շրջանառվում, թե Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում փոխարինելու է ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը: Aravot.am-ը այսօր զրուցեց Թեհմինա Վարդանյանի հետ: -Տարածվող շշուկներն աստիճանաբար վերածվեցին լուրերի, ու մինչեւ այս պահը այդ տեղեկությունը ոչ հերքվում է, ոչ հաստատվում: Ձեր մեկնաբանությունը: -Անկեղծ ասած՝ այդ լուրերն ինձ համար էլ էին անակնկալ: «Ելք» խմբակցությունում նման թեմա չի քննարկվել: Սա, կարծում եմ, ավելի շատ երեւանցիների ցանկությունն է, որ մեկ տարվա իմ աշխատանքը գնահատում են, ինչի համար շատ շոյված եմ: Իրոք, այս պահին ասելու առանձնապես ոչինչ չունեմ: Համաքաղաքացիներիս միայն մեկնաբանություններով ու կարծիքներով բավարարված եմ: Շնորհակալ եմ համացանցում թե դրական, թե բացասական մեկնաբանությունների համար: Դրանք շատ կարեւոր են եւ մոտիվացնում են, անկախ գործընթացի հետագա զարգացումներից: – Այսինքն, ավագանու «Ելք» խմբակցությունում ապագա քաղաքապետի թեկնածության հարց երբեւէ չի՞ քննարկվել: – Ընթացիկ քննարկումներ եղել են, բայց հստակ որոշումներ չեն ընդունվել: Տարոն Մարգարյանի երեկ երեկոյան տված հրաժարականը վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան սպասելի էր: Բայց մեր խմբակցությունը եւ դաշինքը դեռ չեն հավաքվել: -Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Հանրապետականը քաղաքապետի նոր թեկնածու առաջադրի: -Անձամբ ես գրեթե համոզված եմ, որ նրանք այդպիսի քայլի չեն գնա ողջախոհությունից ելնելով, քանի որ Հանրապետականը հեղինակազրկված է: – Իսկ հնարավո՞ր է, որ Հանրապետականը, լինելով մեծամասնություն, տապալի նոր քաղաքապետի ընտրությունը եւ ավագանու կազմը լուծարվի: – Չեմ կարծում: Ավագանու լուծարումը հենց Հանրապետականին պետք չէ: Քաղաքապետի ընտրությունը, հավանաբար, կանցնի նույն սցենարով, ինչ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը: -Եթե «Ելք» խմբակցությունը ձեր թեկնածությունն առաջադրի, կհամաձայնե՞ք: -Ես քաղաքապետի պաշտոնին հավակնելու ամբիցիաներ չունեմ: Երեւան քաղաքը շատ մեծ տնտեսություն է, որը կառավարելը անչափ ծանր պարտականություն է: Մինչեւ թեկնածու առաջադրելը լուրջ քննարկումներ պետք կազմակերպվեն: Բայց եթե իմ անունն առաջադրվի, ես իմ որոշման մեջ միայնակ չեմ: Այս պահին զերծ կմնամ հստակ պատասխան տալուց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Թեհմինա Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Be the first to comment on "Թեհմինա Վարդանյան. «Երեւանի քաղաքապետի իմ թեկնածությունը ավելի շատ երեւանցիների ցանկությունն է»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ