Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու եւ գրավի միջնորդությունները կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը

Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մակագարվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը: Նիստի օրվա մասին դեռ տեղեկություններ չկան: Նշենք, որ կալանքի վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի մինչեւ հունվարի 20-ը:

Պաշտպանական կողմը դեկտեմբերի 26-ին Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Այն մակագրվել էր դատավոր Նելլի Բաղդասարյանին, սակայն վերջինս, բավարարելով մեղադրող կողմի եւ քննիչի միջնորդությունը, ինքնաբացարկ էր հայտնել: Չի բացառվում, որ Քոչարյանին գրավով ազատելու եւ նրան եւս երկու ամսով կալանավորելու միջնորդությունը քննվի նույն նիստում:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու համար: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց: Պաշտպանները Վերաքննիչի այս որոշումը արդեն իսկ բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու եւ գրավի միջնորդությունները կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ