Մոսկվան շանս չունի. Հայաստանում խմբեր չկան, որոնք կդավաճանեն հայ ժողովրդի շահերը

Lragir.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարոն Գրիգորյան, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այս օրերին հայկական կողմը նույնպես մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այս հայտարարություններով ի՞նչ է փորձում հասկացնել ռուսական կողմը:

Ռուսաստանը շատ ցավոտ է ընդունում ոչ միայն այն գաղափարը, որ Ուկրաինան, Մոլդովան կամ Վրաստանը կարող են լինել ՆԱՏՕ-ի անդամ, նաև շատ ցավոտ է ընդունում համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այսօրվա Ռուսաստանը համարում է, որ ՆԱՏՕ-ն իրենց համար սպառնալիք է: Հետևաբար, ես չէի ասի, որ այդ հայտարարության մեջ ինչ-որ նոր տարրեր կան: Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ իրենք ինչ-որ չափով հանդուրժում են, բայց պարզ է՝ հետևում են, որ այդ համագործակցությունը մեծ ծավալի չլինի: Օրինակ՝ մի քանի օր առաջ իրենք մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Իսկ Վրաստանի դեպքում դիրքորոշումը կոշտ է, քանի որ Վրաստանը խոսում է անդամակցության մասին:

Բայց այստեղ մեկ ուրիշ խնդիր կա, Ռուսաստանն ինքը տալու բան չունի մյուսներին, տեխնոլոգիա չի կարող տալ մեր երկրներին, գիտություն, արդյունաբերություն չի կարող տալ: Ոչինչ չի տալիս, բայց արգելող հայտարարություններ է անում: Հասարակ օրինակ՝ ի՞նչ է, Ռուսաստանը չի կարո՞ղ Վերին Լարսում խնդիրը կարգավորել: Ամեն տարի նույն խնդիրն է, իսկ Ռուսաստանը չի կարողանում նորմալ ճանապարհ կառուցել, առանց կոռուպցիայի սահմանային գործունեություն ստեղծել: Ռուսաստանն էլ պետք է մտածի, թե ինչ է ինքն առաջարկում մեզ:

Այսինքն՝ Ռուսաստանընախքան պահանջներ դնելը, այլընտրանքնե՞ր պետք է առաջարկի:

Այո: Իմ կարծիքով՝ հիմա Ռուսաստանի հետ խոսակցության կարևորագույն թեման պետք է լինի հետևյալը՝ լավ, մենք հարգում ենք ձեր մտավախությունները, բայց դուք մեզ ի՞նչ եք տալիս: Հայաստանի նոր իշխանությունները հստակ ասացին՝ ոչ մի նպատակ չունենք դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, սկսեցին աշխատել Ռուսաստանի հետ, բայց տեսան, որ նորից Վերին Լարսը չի աշխատում: Ի՞նչ են ուզում, որ մենք ուզած-չուզած սկսենք մեր շուկաները փնտրել Եվրոպայո՞ւմ: Եթե գնանք ու ուրիշ շուկաներ փնտրենք, իրենք ասելու են՝ մի գնա, ուզում են, որ կործանվե՞ն այս ազգերը: Իրենք մեզ պետք է հստակ ասեն, թե ինչ են ուզում: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը հիմա լուրջ խնդիր է  հետխորհրդարային տարածքում գտնվող ժողովուրդների ու պետությունների համար, քանի որ չառաջարկելով ոչինչ, նման հայտարարություններ են անում: Իրենց պահվածքը շատ տարօրինակ է, մեզ ասում են՝ չմասնակցեք, բայց Ադրբեջանին զենք են վաճառում: Ասում են՝ չմասնակցեք, բայց 100 մլն դոլարի շրջանակներում մատակարարվելիք զենքը դեռ Հայաստանում չէ: Ռուսաստանի քաղաքականությունից պարբերաբար բողոքում է նաև Բելառուսը: Այս իրավիճակն անսահման չի կարող շարունակվել:

Վերջին շրջանում Հայաստանի ներքին խնդիրների շուրջ ռուսական կողմի հայտարարություններն ի՞նչ են ցույց տալիս, նրանք հին մեթոդներո՞վ են շարունակում գործել:

Ինչ-որ չափով իրենք փոխել են քաղաքականությունը: Օրինակ՝ Ուկրաինայի ու Վրաստանի հեղափոխությունների նկատմամբ, հիշում եք, ռուսական կողմը շատ թշնամական էր տրամադրված: Հայաստանի դեպքում ստիպված էին հաշվի առնել իրավիճակը: Բայց հիմա, այո, փորձում են վերականգնել իրենց քաղաքականությունը՝ փորձելով ինքնիշխանության մակարդակով Հայաստանին ցույց տալ իր տեղը: Օրինակ՝ իրենք ասում են՝ դուք չեք որոշում, Խաչատուրովին պետք է հետ կանչեք, թե ոչ: Իրենց ճնշումը, կապված Խաչատուրովի հետ, առաջին հերթին հետևյալ ուղերձն ունի՝ դուք ո՞վ եք, որ ինքնուրույն որոշեք: Սա հեռանկար չունեցող քաղաքականություն է: Իրենք պետք է հասկանան, որ իրավիճակ է փոխվել Հայաստանում: Բայց իրենց էլ կարելի է հասկանալ, նախորդ 20 տարիներին Հայաստանի նախկին իշխանություններն իրենց հետ քծնանքով էին աշխատում: Հիմա իրենք հանդիպում են Հայաստանի նոր ղեկավարների հետ, մերոնք ուզում են հարցեր քննարկել, բայց իրենք սովոր չեն, իրենց համար դա սթրես է: Իրենք պետք է հասկանան, որ Հայաստանի ղեկավարությունը փոխվել է, եկել են մարդիկ, ովքեր պատրաստ են Ռուսաստանի հետ աշխատել հավասարը հավասարի հետ, հարգանքով: Դուրս գալ այս իշխանությունների դեմ, փորձել գործի դնել հինգերորդ շարասյունը, դա սխալ քաղաքականություն է:

Այսօր հինգերորդ շարասյան դերում ՀՀԿ-ն է, ով բացահայտ հայտարարեց՝ այստեղ 37 թիվն է, եկեք մեզ փրկեք: Այստեղ նրբություն կա, Ռուսաստանը պետք է իմանա, որ Հայաստանում հինգերորդ շարասյունն այն 45 պատգամավորն են, դրանից ավելի մարդ չկա: Ռուսաստանը շարունակում է Հայաստանում հենարան գտնելու քաղաքականությունը՝ դրանով փորձելով թուլացնել մեր պետությունը: Ժամանակին հենարաններ գտավ Ուկրաինայում, ինչ-որ չափով Վրաստանում, բայց Հայաստանում դրա շանսը չկա: Հայաստանի հասարակությունը համախմբված է, խմբեր չկան, որոնք կդավաճանեն հայ ժողովրդի շահերը:

https://www.lragir.am/

Be the first to comment on "Մոսկվան շանս չունի. Հայաստանում խմբեր չկան, որոնք կդավաճանեն հայ ժողովրդի շահերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ