«Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խոչընդոտ չեմ տեսնում». ՀՀԿ-ն կդառնա՞ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը

2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ թեկնածու Սերժ Սարգսյանն իր ամփոփիչ ելույթում հիշատակել էր հանգած հրաբուխները, ու դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ հորդորել էր «չարթնացնել» դրանց։

«Շատ շնորհակալ եմ ձեզ, և որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան։ Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Թե այն ժամանակ ո՞ւմ նկատի ուներ, Ս. Սարգսյանն այդպես էլ չէր պարզաբանել։




Եվ ահա թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մարտի 1-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելու կապակցությամբ տված հարցազրույցում, ինչ-որ չափով անուղղակի հայտարարեց իր քաղաքական հավակնությունների մասին։

«Մտածում են մոտակա, սպասվելիք արտահերթ ընտրություններին իմ հնարավոր մասնակցության մասին ու էն գլխից փորձում են չեզոքացնել ինձ: Ինձ ուզում են կտրել քաղաքական գործընթացներից։ Թեկուզ վերջին տասը տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց սա այն դեպքն է, որ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, այլ քաղաքականությունն է սկսում քեզանով զբաղվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հանրապետական կուսակցությունն առաջինն էր, որ խոր մտահոգություն հայտնեց Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առթիվ՝ այն անվանելով «քաղաքական հետապնդում»։

168.am-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ եթե Քոչարյանը սկսի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, ՀՀԿ-ն կլինի՞ նրա քաղաքական հենարանը։

«Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խոչընդոտ, բացի նրա ազատությունն անօրինական սահմանափակելուց, չեմ տեսնում։ Երկրորդ նախագահը, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով իրացնել իր իրավունքները, այդ թվում՝ քաղաքականությամբ ակտիվ զբաղվել։ Դա պարոն Քոչարյանի իրավունքն է»,- ասաց Է.Շարմազանովը։

Ըստ նրա՝ Հանրապետականն ու Քոչարյանն ունեցել են շուրջ 10-ամյա համագործակցության փորձ, Հանրապետականը եղել է կոալիցիոն 3 ուժերից և ամենամեծ կոալիցիոն ուժը, որ եղել է Քոչարյանի իշխանության հիմնական հենարաններից մեկը. «Եվ ես կարծում եմ, որ այդ տարիները Անդրանիկ Մարգարյան-Ռոբերտ Քոչարյան, հետո՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան և Հանրապետական կուսակցություն-Ռոբերտ Քոչարյան այդ տանդեմը բավականին լուրջ ձեռքբերումներ է ապահովել Հայաստանի Հանրապետության թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, թե՛ տնտեսական զարգացման համար։

Թե ապագայում ի՞նչ կլինի, ապագայի զարգացումների վերաբերյալ պատրաստ չեմ այսօր որևէ ձևակերպումներ տալ։ Կարող եմ միայն ասել, որ ՀՀԿ-ն միշտ գործել է ոչ թե՝ ընդդեմ, այլ՝ հանուն։ Եվ մեր գործունեության հիմքում լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահը, և այդ շահի սպասարկման համար մենք պատրաստ ենք դաշնակցել բոլոր այն քաղաքական գործիչների ու թիմերի հետ, ում գաղափարներն ու մեր գաղափարները կտանեն դեպի Հայաստանի հզորացում, Հայաստանում ազգային ու պետական արժեքային համակարգի ամրապնդում»։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն արտասահմանից վերադարձել է, բայց դեռ արձակուրդում է։ Թե նա ի՞նչ է մտածում Քոչարյանի քաղաքական ճակատագրի մասին, Է.Շարմազանովը չմանրամասնեց. «Մենք այս պահին մտածում ենք բացառապես Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ։ Մնացածն արդեն ժամանակի հարց է»։

http://instablog.info/archives/9539

Be the first to comment on "«Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խոչընդոտ չեմ տեսնում». ՀՀԿ-ն կդառնա՞ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ